Արմինֆո. 2024 թվականի ընթացքում Հայաստանում տեղի ունեցան բազմաթիվ իրադարձություններ, որոնք, ցավոք, երկրի համար ոչ մի լավ բանի չհանգեցրին։ Այդ մասին դեկտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Մասնավորապես, ինչպես նշել է քաղաքական գործիչը, անցնող տարին նշանավորվեց գարնանը Տավուշի մարզի չորս գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին: "Բոլոր այն ձևակերպումները, որոնց դիմում է Փաշինյանը, արդարացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը Բաքվի վերահսկողությանը հանձնելը, ոչ այլ ինչ են, քան՝ պարզ դեմագոգիա։ Դա նույնն է, թե նույն Փաշինյանն ու իր կուսակիցները հայտարարեն, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը երբեք չեն եղել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության և ՀՀ ԱԺ համանուն խմբակցության անդամներ: Նույն տրամաբանությամբ փորձում են արդարացնել Հայաստանի չորս գյուղերի հանձնումը", - հայտարարել է Մամիջանյանը։
Նա հավելել է, որ Տավուշի մարզի պաշտպանական կառույցներն ամենաամուրն ու ամենաուժեղն էին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ողջ երկայնքով: Դրանով է բացատրվում այն փաստը, որ այդ հատվածում Բաքվին չի հաջողվել ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ։ "Մեծ մասամբ դրանով էլ բացատրվում է Ադրբեջանի պահանջը՝ սահմանազատման գործընթացը սկսել տվյալ հատվածներից, որպեսզի առավելագույնս թուլացնեն մեր երկրի զինված ուժերի դիրքերը։ Իր հերթին, Փաշինյանի հանձնած հատվածներում Ադրբեջանը կարողացավ կառուցել իր դիրքերը, և իմանալով պաշտոնական Բաքվի քաղաքականությունը, կարելի է համարձակորեն ենթադրել, որ դրանք կօգտագործվեն պաշտպանական նպատակներով", - ընդգծել Է ընդդիմադիրը։
Նա խիստ քննադատության է ենթարկել նաև սահմանազատման գործընթացը, որն ընթանում է հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի հիման վրա։ "Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարել և հայտարարում է, որ սահմանազատումն ու սահմանագծումն անհրաժեշտ է մեր երկրին, ոչ ոք դա չի վիճարկում, բայց ոչ այն իրավիճակում, որում հայտնվել է երկիրը", - նշել է խորհրդարանականը՝ մատնանշելով նաև իշխանությունների գործողությունների այլ փաստեր: