Արմինֆո. Անկարան շարունակում է ձգտել Հայաստանի Սյունիքի մարզով արտատարածքային միջանցքի։
Ըստ "Անադոլու"-ի՝ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է , որ, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքը" կապահովի այլընտրանքային երթուղի եւ թողունակություն:
"Մեր ներկայիս Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային հաղորդակցությունը որոշակի թողունակություն ունի։ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը նաև կապ է ապահովում սևծովյան նավահանգիստների հետ՝ Վրաստանի տարածքով: Բայց բեռները կարող են գնալ ուղիղ: Մենք ելնում ենք այն բանից, որ պետք է այլընտրանք լինի. կա գիծ, որը սկսվում է Կարսից և գնում է Իգդիր-Դիլուջա, այնտեղից՝ Նախիջևան", - նշել է նա։
Նրա խոսքով՝ դա 43 կիլոմետր է՝ Հայաստանի տարածքով, 61 կիլոմետր՝ եթե անցնի Իրանի տարածքով։ "Այնուհետև գիծն Ադրբեջանից անցնում է դեպի Հեռավոր Արևելք՝ Կասպից ծովով։ Այս նախագծի իրականացման աշխատանքները կսկսվեն առաջիկա ամիսներին։ Նախիջևանում գոյություն ունի երկաթուղային գիծ, այն կվերանորոգվի։ Այդ գիծը լրացուցիչ թողունակություն կապահովի այլընտրանքային երթուղու ստեղծման հաշվին", - հայտարարել է Ուրալօղլուն։
Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանական 44-օրյա ագրեսիան ավարտած պայմանավորվածություններով։ Սակայն, հակառակ պայմանավորվածությունների, Բաքուն և Անկարան փորձում են ստանալ արտատարածքային միջանցք։