Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Վարչապետը նշել է, որ գագաթնաժողովին չմասնակցելու պատճառը կորոնավիրուսն է։ «Երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, քովիդի դրական ախտորոշում եմ ունեցել: Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու գտնվող "Իգորա" առողջարանային համալիրում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կամփոփի 2024 թվականին այդ կազմակերպությունում ռուսական նախագահության արդյունքները, որից հետո միջոցառման մասնակիցները ոչ պաշտոնական մթնոլորտում կարծիքներ կփոխանակեն միջազգային արդիական հարցերի շուրջ: Բացի այդ, ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքները, ուր նրանք բոլորը հրավիրված են: Միջոցառման արդյունքների վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի նախատեսվում ստորագրել։