Արմինֆո. ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարրոյին՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
"Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, թանկագին Ժան Բարրո՝ ֆրանսիական դիվանագիտության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ հայ - ֆրանսիական գործընկերության ամրապնդման ուղղությամբ մեր համագործակցության շարունակմանը՝ նոր շոշափելի արդյունքների հասնելու նպատակով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակներում: Ես կցանկանայի վերահաստատել համատեղ աշխատելու իմ վճռականությունը՝ մեր տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ընթացիկ խնդիրների լուծման համար ", - հավելել է հայ նախարարը։
Ինչպես հաղորդում է RFI-ը, դեկտեմբերի 23-ի երեկոյան Ֆրանսիայում հայտարարվել է նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարության կազմը, որն այդ պաշտոնում նշանակվել է շարունակվող սուր քաղաքական ճգնաժամի պայմաններում: Միշել Բարնյեի գլխավորած նախորդ կաբինետը պաշտոնանկ էր արվել խորհրդարանի կողմից, որը կառավարությանն անվստահության քվե էր հայտնել ձախ և ծայրահեղ աջ ընդդիմության միասնական ձայներով: Իրենց պաշտոնները պահպանել են մի շարք առանցքային գերատեսչությունների՝ ԱԳՆ-ի, ՆԳՆ-ի և պաշտպանության նախարարության ղեկավարներ Ժան Նոել Բարրոն, Բրյունո Ռետայոն և Սեբաստիան Լեկորնյուն։ Ֆրանսիայի արդարադատության նախարարի պաշտոնին վերադարձել է ՆԳ նախկին նախարար Ժերալդ Դարմանենը։ Իսկ նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշանակվել է կրթության նախարար։ Կառավարության կազմում ընդգրկվել են նախկին ծանրաքաշ քաղաքական գործիչներ՝ նախկին վարչապետ Մանուել Վալսը և Ֆրանսուա Ռեբզամենը: