Արմինֆո. Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահների գրասենյակներից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ուղիղ եթերում բանավեճ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի շուրջ:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսայելյանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով ՀՀ վարչապետի մարտահրավերին, ոչ առանց հեգնանքի գրել է. «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»:
Իր հերթին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Բագրատ Միկոյանը, արձագանքելով Փաշինյանի հրավերին, նշել է, որ նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները, եւ ինքն ստիպված է ծանոթանալ դրանց՝ աշխատանքի բերումով:
Այնուհետեւ Միկոյանը նշել է, որ բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։ «2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի:
Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»,- հավելել է Միկոյանը:
Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից, ի պատասխան "Փաստինֆո" -ի հարցմանը, թե արդյոք քննարկվում է բանավեճին մասնակցելու հարցը, նշել են, որ ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը:
«Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:
Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները», - նշել են երրորդ նախագահի գրասենյակում։
Նշենք, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդես էր եկել հայտարարությամբ, որում կրկին պնդել էր, որ 1994 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն ընթացել են Արցախը Ադրբեջանին հանձնելու գործընթացի շուրջ: Հայաստանի վարչապետի այդ արտահայտություններին կոշտ էին արձագանքել ՀՀ նախագահների գրասենյակներում, որոնց օրոք ընթանում էր բանակցային գործընթացը։ Ի պատասխան քննադատությունների՝ Փաշինյանը նախագահներին հրավիրել էր այդ հարցի շուրջ հրապարակային բանավեճի: