
Արմինֆո.Նիկոլ Փաշինյանն այսօր դարձյալ նենգաբար փորձել է մոլորեցնել հայ ժողովրդին, պնդելով թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այս պնդումը բաձարձակ սուտ է։ Ինքը, փաշինյանը, դեռևս 2020 թվականի հունվարի 25-ին Կապանում կայացած իր «մեծ ասուլիսի ժամանակ» (տևել է 5 ժամ 15 րոպե) հղում է կատարում 2018 թվականի հունվարին հակամարտության կողմերին ներկայացված մի փաստաթղթի վրա, որն ընդունված է կոչել «կրակովյան սևագիր»։ Համաձայն այդ փաստաթղթի «Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները»: Ուշադրություն դարձրեք՝ կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները, ԲՈԼՈՐ։ Սա ինքն է կարդացել, ես չէ։ Իր խոսքերն են, իր մեջբերումն է իր ժառանգած բանակցային գործընթացի մասին, կարգավորման առաջարկի մասին։ Հրաժարբեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք…
Փաստաթղթից հեռանանք, դիմենք պարզ տրամաբանությանը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը համաձայվել էին, որ Արցախի լինի Ադրբեջանի կազմում, բա 1996-ից մինչև 2018 ի՞նչ էին բանակցում։ Ադրբեջանը, որտեղ նստում ու վեր էր կենում Արցախին առաջարկում էր «ինքնավարության բարձրագույն աստիճան»։ Բա եթե հայկական կողմերը դրան համաձայն էին, ինչու՞ խաղաղության համաձայնագիր չկնքվեց։ Հիմնավորումը մեկն է, փաշինյանը ստում է։ Լևոն Տեր-Պետրոսյանի լիսաբոնյան տապալումից հետ, 1998-ին արդեն Ադրբեջանում հայկական ինքնավարության առաջարկ չի եղել։ 2001-ին Մեղրիով միջանցք/ճանապարհի դիմաց (որը չէր խոչնդոտելու Իրանի հետ հաղորդակցությունը, ի տարբերություն սրանց «խաղաղության խաչմերուկի») Լեռնային Ղարաբաղն ու Լաչինի շրջանն անցնում էին Հայաստանին։ Ու վերջապես 2006-ին մշակված Հիմնարար կամ «մադրիդյան» սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի ժողովուրդը ստանալու էր իր քաղաքական ճակատագիրը քվեարկությամբ որոշելու իրավունք։ Եվ այդ իրավունքը ոչնչով սահմանափակված չէր, վկան Փաշինյանի մեջբերած թուղթը։
Ինքը եկավ, կործանեց ողջ բանակցային գործընթացը։ Նույնիսկ Տեր-Պետրոսյանին պարտադրած կարգավորումն ավելի լավ էր, քան այն ինչ մենք ունենք այսօր։ Այսօր, փաշինյանի օրոք, թուրքերն են Արցախում։ Դա է իր գործունեության հետևանքը։ Ու թող չփորձի պատմությունը խեղաթյուրելով, հայրենիքի համար պայքարած մարդկան մեղադրելով, արդարացնի այս հանցագործությունը», - գրել է պատգամավորը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր հերթական անգամ փորձելով իր վրայից հանել Արցախը հանձնելու պատասխանատվությունը, հայտարարել է, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:
«Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: Ուշագրավ է, որ դեռ 2016 թվականի աշնանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Եվ Ալիևի այս բացահայտումները, ըստ անկախ փորձագետների, չեն տեղավորվում Հայաստանի վարչապետի այսօրվա պնդումների տրամաբանության մեջ, որը դեռևս 2019թ. օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում էր "Արցախը Հայաստան է, և վերջ", իսկ 2023 թվականին նույն վստահությամբ կրկնում էր՝ "Արցախը՝ դա Ադրբեջան է"։