Արմինֆո. Ներկայումս Ներքին հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է Ադրբեջանի զինված ուժերով, մինչդեռ, կառավարության ղեկավարը հպարտանում է տեղի տների վերանորոգված տանիքներով: "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում այդպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանն այն մասին, որ ինչպես խոստացել էր, վերանորոգել է գյուղի տանիքները:
«Այսօր Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:
Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական զինված դիրքերով, ականներով, մարդիկ զրկվել են Հայաստանի տարածքի մեջ գտնվող հողերից ու արոտավայրերից, ադրբեջանական զինված ծառայողները զանգվածային ոչնչացնում են մեր անտառները, երեխաները դաս են անում նրանց թիրախի ներքո, խաթարված է ողջ անվտանգության համակարգը:
Դեռ մի հատ էլ քննարկում են Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ու մյուս կազմակերպություններում Հայաստանի հայցերից հրաժարվելու հարցը ու մտածում` ինչպես դա ժողովրդին ներկայացնեն», - գրել է Թաթոյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին հանդ գյուղը ենթարկվել է սողացող թշնամական օկուպացիայի: Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները հերքում էին Ներքին հանդի տարածք թշնամական ուժերի ներխուժման փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում, նույնիսկ, մի ամբողջ հոլովակ են պատրաստել, որը հերքում է այդ փաստը ։ Սակայն հետագայում իրավապաշտպան կազմակերպությունները այցերի ընթացքում ներկայացրել են գյուղի տարածքների գրավման փաստական ապացույցներ։ Վերջին տվյալներով՝ գյուղը 3 կողմից շրջապատված է ավելի քան 2 տասնյակ ադրբեջանական զինված դիրքերով ։ 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Կապանի 2700 հա տարածքի օկուպացումից հետո, վարելահողերը, արոտավայրերը, ջրի աղբյուրները, Ներքին հանդի գերեզմանատունը գտնվում են նրանց վերահսկողության տակ:
Հավելենք, որ ավելի վաղ "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանն իր տեսաուղերձում նշել էր, որ ադրբեջանցի զինվորականները զբաղվում են ռազմական նշանակության ճանապարհների կառուցմամբ ՝ ոչնչացնելով Սյունիքի մարզի "Շիկահող" արգելոցը: Այդ նպատակով արգելոցում հատվում են հազարավոր ծառեր, ոչնչացվում է կենդանական աշխարհը, տեղադրվում են ականներ, իսկ տեղի բնակիչները զրկվում են խմելու ջրից և սեփականությունից, ստիպված են խմել գետի ջուրը ։