Արմինֆո. Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր նոր առաջարկներն է ուղարկել Ադրբեջանին, սակայն, հաշվի առնելով Բաքվի կողմից արձագանքի բացակայությունը, հայկական կողմի նախաձեռնությունները հրապարակելու անհրաժեշտություն առայժմ չկա: Այդ մասին դեկտեմբերի 18-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նրա հավաստմամբ՝ քննարկումներից դուրս է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։ "Արդեն բազմիցս հայտարարել ենք "կարմիր գծերի" առկայության մասին, որոնցից այն կողմ անցնել, պարզապես, անհնար է։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել, առավել ևս, օգտագործել այդ տերմինը։ Դա, պարզապես, չի լինելու: Եվ, եթե այդ հարցը մշտապես բարձրացվում է Բաքվի և Անկարայի կողմից, ապա մենք անընդհատ կրկնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը՝ շատ պարզ, բայց միանգամայն դոգմատիկ կանոնների շրջանակներում՝ երկրի ինքնիշխանության և իրավասության պայմանով", - հայտարարել Է փոխվարչապետը։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների ներկայացուցիչների հերթական հանդիպման մասին՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ դրա անցկացման ժամկետների մասին պայմանավորվածություն դեռ չկա։ "Բայց ես կարծում եմ, որ առաջիկայում հանդիպումը կկայանա, քանի որ դա է պահանջում հանձնաժողովների գործունեության կանոնակարգը", - ընդգծել է փոխվարչապետը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է առաջարկներ ներկայացնել Ադրբեջանի կողմից գրավված տարածքների ազատման վերաբերյալ, Մհեր Գրիգորյանը նշել է, որ հանձնաժողովի ներկայացուցիչների յուրաքանչյուր հանդիպման արդյունքում տարածվում են պաշտոնական հաղորդագրություններ, որոնցում առավելագույն օբյեկտիվ ներկայացվում են դրանց արդյունքները: "Ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք այն մասին, որ կողմերը ձեռնպահ կմնան համատեղ հայտարարությունների համաձայնեցված տեքստերից դուրս մեկնաբանություններից":
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են երկու պետությունների միջև սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը, որի հաստատման մասին հրամանագրեր են ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Իլհամ Ալիևը: