Արմինֆո. Հայաստանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում պաշտպանել է Ռուսաստանի կողմից նախաձեռնած "Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և պրակտիկայի այլ ձևերի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը" բանաձևի նախագիծը:
Ինչպես Twitter-ում (X) հաղորդել է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի ներկայացուցչությունը, Ռուսաստանի նախաձեռնած բանաձևի նախագիծն ընդունվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից՝ ձայների մեծամասնությամբ: Փաստաթղթին աջակցել են ՄԱԿ 182 երկրներից 119-ը։ Դեմ է հանդես եկել 53 պետություն, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Լեհաստանն ու Ճապոնիան, ևս 10 երկիր ձեռնպահ է մնացել:
Նախաձեռնությունը սատարողների թվում են Արգենտինան, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրաքը, Իսրայելը, Ղազախստանը, Մալին, Մեքսիկան, Մոնղոլիան, Նիգերը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Սուդանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, ԱՄԷ-ն, Վիետնամը եւ այլն: Տասը ձեռնպահ քվեարկողների թվում են Կիրիբատին, Մյանման, Պանաման, Շվեյցարիան, Թուրքիան:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ՄԱԿ—ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Մարիա Զաբոլոցկայան հայտարարել է, որ ընդունված բանաձևն ուղղված է նացիզմի, ռասիզմի և այլատյացության դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդմանը: Նրա խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության արդի համակարգն ի հայտ եկավ որպես պատասխան նացիստների ցեղասպանությանը և պատերազմական հանցագործություններին, իսկ Նյուրնբերգյան տրիբունալի որոշումները մեկընդմիշտ ամրագրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը: Նա ընդգծել է, որ նացիզմի և դրա դրսևորումների դեմ պայքարը շարունակում է մնալ ՄԱԿ-ի կարևորագույն խնդիրներից մեկը, որն ստեղծվել է ի պատասխան նացիզմի և ֆաշիզմի սարսափների:
Ռուսաստանը և մի խումբ համահեղինակներ շուրջ 20 տարի ներկայացնում են այս բանաձևը, և դրան աջակցում է միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը։ Զաբոլոցկայան դատապարտել է Արեւմուտքի այն երկրների գործողությունները, որոնք ձգտում են պառակտում մտցնել եւ բարդացնել նեոնացիզմի, ռասիզմի եւ այլատյացության դեմ պայքարը:
Նախագծի համահեղինակներն են Բելառուսն ու Թուրքմենստանը։ Փաստաթուղթը, որն ավանդաբար ներկայացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և ընդունվում է 2005 թվականից, բաղկացած է 74 կետից։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 11-ին, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կոմիտեն ընդունել էր նացիզմի հերոսացման դեմ պայքարի ռուսական բանաձևը: Որպես համահեղինակ հանդես են եկել տասնյակ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Բելառուսը, Չինաստանը, Մալին, ԿԺԴՀ-ն, Սերբիան, ՀԱՀ-ը: Փաստաթուղթը կոչ է պարունակում կանխել պատմական ճշմարտության խեղաթյուրումը և հրաժարվել ռասայական խտրականության բոլոր ձևերից: