Արմինֆո.ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) իրավական կցորդ Ալեքսանդր Վ. Թիգույին և ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության Արտաքին քրեական հետաքննությունների բաժնի հետաքննիչ Տիգրան Պետրոսյանին։
Հայաստանի ՆԳՆ հաղորդագրության համաձայն, Ալեքսանդր Թիգույը, շնորհավորելով Արմեն Մկրտչյանին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ ՀՀ ՆԳՆ և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ կընդլայնվի։
Արմեն Մկրտչյանը շնորհակալություն հայտնելով Ալեքսանդր Թիգույին՝ նշել է ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներգրավվածությունը։ Նախարարության հետ Հետաքննությունների դաշնային բյուրոյի սերտ համագործակցության համար փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նաև նախորդ իրավական կցորդ Հեդեր Բերգիին։
Կարևորելով միջազգային փոխգործակցությունը՝ Արմեն Մկրտչյանն առանձնացրել է հատկապես Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Հայաստանում և ԱՄՆ-ում կազմակերպված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը՝ հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցառումների և կիբերանվտանգության ոլորտում ներգրավված ծառայողների մասնագիտական գիտելիքների բարելավման, ինչպես նաև որոշ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ համագործակցությունը։
Հանդիպման ավարտին փոխնախարար Արմեն Մկրտչյանը Ալեքսանդր Թիգույին է ներկայացրել ՆԳՆ-ում, մասնավորապես՝ Քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ ընդգծելով թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության, փողերի լվացման և անօրինական միգրացիայի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը: