Արմինֆո. Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի բուժքույրերից մեկը Մոսկվայից Երևան ժամանելիս ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում։
Ըստ հայտնի դարձած տեղեկությունների՝ արցախցին մասնակցել է 2023 թվականին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպված հավաքներին, ինչի հիմքով էլ այժմ մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Այդ մասին հաղորդել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում, հավելելով, որ մեղադրյալը Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։
Ավելի ուշ փաստաբանը պարզաբանել է, որ վերը նշված փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (զանգվածային անկարգություններ) նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Նշված վարույթի շրջանակում արցախացի կնոջն մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար, որը, բնականաբար, վերջինս չի ընդունել։
Մեղադրյալին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է՝ պայմանավորված հիմքերի բացակայությամբ, իսկ այժմ էլ նրա նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը։
Մեղադրյալը զոհված զինծառայողի դուստր է, ով 2023 թվականի հոկտեմբերից ընտանիքի, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ բնակվում և աշխատում է ՌԴ-ում։ Այսօր վերջինս Հայաստան էր ժամանել պապիկի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Առաջադրված մեղադրանքի և կիրառված խափանման միջոցի պատճառով առնվազն մինչև գործը դատարան հասնելը վերջինս ստիպված է լինելու չբացակայել Հայաստանի Հանրապետությունից», - գրել է Ռոման Երիցյանը
Նկատենք, որ անկախ իրավապաշտպաններն ահազանգում են Հայաստանի գործող իշխանությունների կողմից արցախցիներին ճնշելու մասին։ Մտացածին պատրվակներով արցախցիներին կալանավորում են՝ ահաբեկելու և ՀՀ ներքաղաքական գործընթացներին մասնակցել թույլ չտալու նպատակով ։