


Արմինֆո. Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցության կասեցումը շատ մեծ սխալ է, Երևանը միշտ շատ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպության անդամներից: ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նման կարծիք է հայտնել Նիկոլայ Բորդյուժան, որը 2003-2016թթ. զբաղեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:
"Ես կարծում եմ, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է մասնակցել կամ դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Նրանք են որոշում, թե անվտանգության ապահովման ինչպիսի համակարգ է լինելու Հայաստանում, հենց բարձրագույն քաղաքական ղեկավարությունը (որոշում է)։ Եթե նրանք կարծում են, որ այդպես իրենց ավելի հարմար կլինի վարել իրենց անվտանգության քաղաքականությունը, ուրեմն դա իրենց իրավունքն է։ Ես կարծում եմ, որ դա շատ մեծ սխալ է, որը հիմնված է, առաջին հերթին, բացարձակապես ոչ հավաստի տվյալների վրա", - ասել է Բորդյուժան։
Նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ իր աչքի առաջ հակառակն էր կատարվում ։ "Երբ և Հայաստանի զինված ուժերը, և ողջ Հայաստանի ուժային կառույցները հսկայական օգնություն էին ստանում ՝ կազմակերպչական, գիտատեխնիկական աջակցություն սպառազինությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից ։ Գիտեք, ուղղակի տվյալները փակ են, եթե հաշվենք, թե որքան է Ռուսաստանը ներդրել Հայաստանի զինված ուժերում և, ընդհանրապես, Հայաստանում, ապա, կարծում եմ, որ դա շատ-շատ լուրջ գումար կլինի", - ասել է Բորդյուժան։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա փետրվարին France24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ քարտուղարությունում ՀՀ վարչապետի այս հայտարարություններից հետո նշել են, որ Երևանից համապատասխան ծանուցումներ չեն ստացել։ Ավելի ուշ Հայաստանը հրաժարվել է անդամավճարներ վճարել ՀԱՊԿ - ին։



