Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ պահանջել են դադարեցնել Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանի սահմաններին:
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին հայտարարել է, որ Եվրամիության առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին պետք է ավարտվի։ Նա ասել է, որ ադրբեջանական կողմը փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում. «Այդ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի: Առաքելության տեղակայումը համաձայնեցվել Է Պրահայում ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Նախատեսվում էր, որ այդ առաքելությունը կլինի կարճաժամկետ: Բայց մենք տեսնում ենք, որ այդ առաքելությունը դառնում է մշտական, և դրա կազմը, ինչպես նաև մանդատի գործողության տարածքն ընդլայնվում են։ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացում երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Դա մտահոգություն առաջացնող գործոն է", - հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։