Արմինֆո. Հայաստանը Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից «կապի սպա» կնշանակի: Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում։
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 12-ին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցչի (կապի սպա) նշանակմանը:
Ինչպես նշվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռնի՝ Եվրոպոլում ունենալու կապի ներկայացուցիչ (կապի սպա), ում միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ՝ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում, կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:
Նշվում է, որ 2024 թվականի ապրիլի 12-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 23-ին։
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից: Նախագծի ընդունմամբ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի հիման վրա Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից կգործի Հայաստանի Հանրապետության Կապի ներկայացուցիչ (կապի սպա), որի շնորհիվ ՀՀ ներքին գործերի նախարարությանն առավել արդյունավետ կիրականացնի ՀՀ կառավարության քաղաքականության մշակման ու իրականացման շրջանակներում իրեն վերապահված լիազորությունները: