Արմինֆո. Շատ խորհրդանշական է, որ քպ-ն մինչև վերջ վարկաբեկում և իր խմբակցությունից դուրս է շպրտում այն անձանց, ովքեր սրանից դեռ մի քանի ամիս առաջ լծված էին իշխող ուժի ամենաայլանդակ քարոզչության իրացմանը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Արցախի հանձնումից մինչև Հայաստանի տարբեր հատվածների նկատմամբ ադրբեջանական օկուպացիան, հանձնողականությունն ու պարտվողակամությունն արդարացնող, իշխանության հանցավոր անգործությունն ամենաստոր, ճղճիմ ձևով պաշտպանողներն այլևս պետք չեն, որովհետև ինչպես հարկն է օգտագործվել-մաշեցվել են:
Իսկ մարդկային առումով նրանք Փաշինյանի համար ոչինչ են, 0 արժեք ներկայացնող ֆիգուրներ: Այն ինչ տեղի ունեցավ վերոնշյալ քպ-ական պատգամավորների հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ: Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու», - նշել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաղորդել է պատգամավոր Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու մասին: "Խմբակցությունը միաձայն որոշում է կայացրել հեռացնել Հակոբ Ասլանյանին՝ կարգապահական լուրջ խախտման, ինչպես նաև "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության արժեքների և քաղաքական կուրսի հետ բոլորովին անհամատեղելի վարքագծի պատճառով", - ասվում է Կոնջորյանի հայտարարությունում:
Մեկ օր առաջ Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ մեկ ամսով դադարեցնում է իր մասնակցությունը խմբակցության աշխատանքներին։ Դրա համար հիմք են ծառայել նախկին գործընկեր Հովիկ Աղազարյանի նկատմամբ վարույթները։ Նույն օրը երեկոյան Ասլանյանը մտափոխվել էր, հանդես գալով հայտարարությամբ, որում խմբակցությունում իր մասնակցությունը սառեցնելու որոշումը սխալ էր համարել: Սակայն, հայկական լրատվամիջոցներն ուշադրություն են դարձրել այն փաստին, որ շնորհազուրկ պատգամավորին հայտարարության տեքստն ուղարկել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նշենք, որ Ասլանյանը որոշել է չմեկնաբանել խմբակցությունից իր հեռացման հարցը։