Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
Ինչպես հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը, Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով եւ մաղթել բարեհաջող առաքելություն ի նպաստ երկու ժողովուրդների կապերի առավել զորացման։
«Հայոց Հովվապետն իր գոհունակությունն արտահայտեց երկուերկրների միջև ձևավորված արդյունավոր փոխգործակցության առիթով։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց աշխարհաքաղաքական մտահոգիչ զարգացումներին և դրանց ազդեցությանը մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա՝ աղոթելով, որպեսզի աշխարհում դադարեն հակամարտությունները և տարբեր ազգեր չապրեն նույնպիսի ցավն ու տառապանքը, որ հայ ժողովուրդը կրեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ կանի առավելագույնը երկու երկրների բարեկամությունն ու հարաբերություններն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բռնի տեղահանված արցախահայերի սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռի ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական ոլորտում առկա սերտ գործակցությանը», - ասվում է հաղորդագրությունում։