Արմինֆո. Հայաստանը կարող է ՀԱՊԿ անդամավճարների պարտք ունենալ և երկու տարի չվճարել այն, այժմ կա 2024 թվականի պարտք, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ XVII Վերոնայի եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում։
<Երկու տարի Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը։ Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ>, - նախազգուշացրել է Պանկինը։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, այս պահին երկիրը պարտք ունի 2024 թվականի համար։ Նրա ասելով՝ "իրականում Հայաստանի պարտքը ինչ-որ գերբնական բան չէ"։ <ՀԱՊԿ ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել։ Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ նույնպես պարտք են ունեցել", - պարզաբանել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Հավելենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, թե Հայաստանն արդեն իրեն ՀԱՊԿ-ից դուրս է համարում, ուստի չի մասնակցում կազմակերպության շրջանակում որոշումների և փաստաթղթերի ընդունմանը, ընդգծել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու մասին փաստաթղթեր Հայաստանից չեն ստացվել: "Մենք լսում ենք այդ խոսակցությունները, Հայաստանի վարչապետը խորհրդարանում այս թեմայով շատ է խոսել և դատողություններ արել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում առավելագույնս օգտագործել անդամակցությունը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները որևէ գործողություն չեն ձեռնարկել, որը կընկալվի որպես Երևանի համար դռների փակում, և չեն պատրաստվում ձեռնարկել", - ասել է նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին ։ Հայաստանը դադարել է իր ներդրումը կատարել կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ ուղարկել կազմակերպության միջոցառումներին և զորավարժություններին: