Արմինֆո. Բելառուսը նպատակ ունի ամրապնդել խաղաղ և փոխշահավետ հարաբերությունները Հայաստանի հետ, որը շարունակում է մնալ Մինսկի առանցքային առևտրատնտեսական գործընկերներից մեկը: Այդ մասին դեկտեմբերի 4-ին Բելառուսի ազգային միասնության օրվան նվիրված պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Դեսպանը հիշեցրել է, որ հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունիսին: "Ներկայումս Մինսկում կառուցվում է Հայ առաքելական եկեղեցի, որը կդառնա բելառուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանշական օբյեկտ և խորհրդանիշ", - ընդգծել է Ալեքսանդր Կոնյուկը:
Միջոցառմանը ներկայացվել է նաև անկախ Բելառուսի 30-ամյա ուղին արտացոլող լուսանկարների ցուցահանդես, որը ներառում էր բելառուսական հեռագրական գործակալության ֆոտոլրագրողի լավագույն աշխատանքները, որոնք ֆիքսել են երկրի նշանակալի ձեռքբերումները վերջին երեք տասնամյակների ընթացքում՝ տնտեսության, գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի, կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում:
Ինչպես հիշեցրել Է Բելառուսի դեսպանը, երկիրը բեռնատարների, տրակտորների, կոմբայնների եւ ճանապարհաշինական տեխնիկայի արտահանման համաշխարհային առաջատարներից է: "Աշխարհում ամեն երրորդ քարհանքային ինքնաթափ «ԲելԱզ» է, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում", - հիշեցրել է դեսպանը:
Բելառուս դիվանագետն իր խոսքը եզրափակել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով. "Մեր ընդհանուր խնդիրն է երկխոսության և փոխըմբռնման միջոցով բազմապատկել հայրենի հողի ներուժն ու փառքը ՝ պահպանելով նրա ինքնությունն ու միջազգային հեղինակությունը":
Միջոցառման ընթացքում ընթերցվել է բելառուս բանաստեղծ Մաքսիմ Բոգդանովիչի "Սլուցկի ջուլհակները" բանաստեղծությունը, այնուհետև Գրողների համահայկական միության նախագահ Աբգար Ափինյանն ընթերցել է բելառուսական այդ բանաստեղծության հայերեն թարգմանությունը:
Միջոցառման ծրագրում ներառված էր նաև տոնական համերգ ՝ բելառուսական համայնքի անդամների մասնակցությամբ: Պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ Ռոման Գոլուբիցկին: