Արմինֆո. Աշխատանքային օրենսգրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որ աստիճան որ այլանդակվում է Երևանի քաղաքապետի տեղակալի կողմից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով գործադուլներին մասնակցած վարորդներին աշխատանքից ազատելու մասին Երևանի քաղաքապետարանի հայտարարությանը։
«Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի հիմքով պայմանագրի լուծումը, թե իբրև աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս՝ անօրինական է(սրա վերաբերյալ ԱՕ-ը և վճռաբեկ դատարանի որոշումները ունեն հստակ կարգավորումներ)։
Հուշում դեղին փողկապով «իրավաբանին».
Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 6 հոդվածով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել շահերի բախման դեպքում առանց վերապահության ճանաչել գործադուլի իրավունքը», - գրել է իրավաբանը:
Հիշեցնենք, որ "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ի վարորդները դեկտեմբերի 3-ի վաղ առավոտից հրաժարվել են դուրս գալ երթուղիներ ՝ պահանջելով բարելավել աշխատանքային պայմանները: Այդ իսկ պատճառով հազարավոր երևանցիներ հայտնվել են դժվար կացության մեջ: Իրավիճակը սրվել է տրանսպորտի բացակայությամբ և տաքսիների գների աճով։ Միաժամանակ քաղաքապետարանում խնդրի ավելի լավ լուծում չեն գտել, քան վարորդներին աշխատանքից ազատելն ու սպառնալը։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաղորդել է, որ քաղաքապետարանն աշխատանքից ազատել է գործադուլին մասնակցող 18 վարորդների: Նա ներկայացրել է աշխատանքից ազատման հիմքերը ՝ մատնանշելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածները, որոնք գործատուին թույլ են տալիս լուծել աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի գործողություն, որի արդյունքում գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս: "Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի առանց աշխատողին ծանուցելու լուծել աշխատանքային պայմանագիրը", - գրել է Կոստանյանը:
Հավելենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում "Հայաստան" խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաղորդել էր, որ արդեն աշխատանքից ազատվել է 40 վարորդ: