Արմինֆո. Հաագա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ օրակարգի ընդլայնմանը միտված քայլերը՝ ընդգծելով մի կողմից՝ վերջին տարիներին ձևավորված համագործակցության ամուր հիմքերը և մյուս կողմից՝ գործընկերությունը համատեղ ջանքերով առավել խորացնելու պատրաստակամությունը։ Դիտարկվել են համագործակցության հետագա զարգացման ներուժ ունեցող հիմնական ոլորտները։
Արարատ Միրզոյանը և Կասպար Վելդկամպը հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում առկա հեռանկարները։ Նախարար Միրզոյանը նշել է, որ Նիդերլանդները ՀՀ համար հանդիսանում է կարևոր գործընկեր ԵՄ հետ փոխգործակցության հետագա առաջմղման հարցում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառաայությունը, Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել նաեւ Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՄՔԴ գործունեության արդյունավետության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների համագործակցության հարցեր։ Ընդգծվել է, որ ներկայիս՝ մարտահրավերներով լի, ժամանակահատվածում ամուր հանձնառությունը միջազգային իրավունքի նորմերի պահպանմանն ու իրավունքի գերակայության ապահովմանը և հետևաբար նաև Դատարանի գործունեությանն առավել, քան կարևոր է։
Համապատասխանաբար, անդրադարձ է կատարվել ՄՔԴ հետ Հայաստանի փոխգործակցության առաջնահերթություններին։
Արարատ Միրզոյանը և Պայվի Կաուկորանտան մտքեր են փոխանակել կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային արդարադատության մեխանիզմների հնարավոր դերակատարմանը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։