Արմինֆո. Դամասկոսում ՀՀ դեսպանությունում բացվել է "թեժ գծի" հեռախոսահամար՝ +963960003622 (բջջային)՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ծանր իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին օգնելու համար: Այդ մասին ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանության հաղորդագրությունում:
Դեսպանությունը նաեւ անդրադարձել է հաճախ տրվող հարցերին, հաղորդելով, որ ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայ բնակչության անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է։
«ԱԳ նախարարությունն ուշադրությամբ հետևում է զարգացումներին, հնարավորության պարագայում կդիտարկվեն բոլոր տարբերակները։ Այս ընթացքում դեսպանությունը պատասխանում է ՀՀ քաղաքացիների բոլոր զանգերին, հետաքրքրող՝ այդ թվում՝ փաստաթղթային ապահովման, նոր անձնագրերի տրամադրման վերաբերյալ հարցերին: Մշտական կապ է պահպանվում Սիրիայի պատկան մարմինների և համայնքային կառույցների հետ», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում։
Նաեւ նշվում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ «Ինչպես տեղեկացվել է նախորդ շաբաթ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ գլխավոր հյուպատոսը, Սիրիայի ԱԳՆ-ից նոյեմբերի 26-ին լիազորագրերը ստանալու նպատակով մեկնելով Դամասկոս, հաջորդիվ չի կարողացել վերադառնալ Հալեպ։ Գլխավոր հյուպատոսը և Դամասկոսում դեսպանության հյուպատոսական բաժինը շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով», - հաղորդում է ՀՀ դեսպանությունը։
Անդրադառնալով տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների առկայության մասին հարցին՝ դեսպանությունը հաղորդում է, որ նոյեմբերի 30-ին Հալեպից դուրս գալու փորձի ժամանակ զոհված Երվանդ Արսլանյանի՝ ՀՀ քաղաքացիությունը հաստատող տվյալներ այս պահին չկան։