Արմինֆո. Մոսկվան ակնկալում է Երևանի հետ բարձր մակարդակի արդյունավետ շփումներ Մոսկվայում՝ ԵԱՏՄ և ԱՊՀ գծով միջոցառումների շրջանակներում: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ "Ռուսաստան-Հայաստան" երկրորդ հասարակական ֆորումի ժամանակ։
"Մենք ակնկալում ենք մեր ղեկավարների արդյունավետ շփումներ՝ դեկտեմբերին ԵԱՏՄ և ԱՊՀ գծով Մոսկվայում կայանալիք միջոցառումների շրջանակներում", - ասել է նա:
Գալուզինի խոսքով՝ չնայած հայտնի խնդրահարույց պահերին, Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է ռիթմիկ բազմապլան երկխոսությունը: Նա հավելել է, որ Մոսկվան հավատարիմ է մնում Երևանի հետ պայմանավորվածությունների ողջ համալիրին, չի հրաժարվում դաշնակիցների հանդեպ ստանձնած պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում: "Մենք տարիներ շարունակ միասին ձեւավորել ենք անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում, - ասել է նա: - Ինչպես երևում է, Ռուսաստանի դերն այս առումով միշտ եղել է և կլինի պահանջված, հատկապես, հաշվի առնելով դինամիկ իրավիճակը տարածաշրջանում և, ընդհանրապես, աշխարհում: Պատրաստ ենք Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի՝ այս հրատապ թեմատիկայով"։ Փոխնախարարն ընդգծել է, որ ՌԴ-ն անկեղծորեն գնահատում է հարաբերությունները Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ "Մենք միշտ ձգտում ենք շատ խնամքով վերաբերվել ռուս-հայկական դաշնակցությանը։ Մեր երկրների միջև կապերը հիմնված են բարեկամության բազմադարյա ավանդույթների, պատմության, մշակույթների ընդհանրության և արժեհամակարգի, ինչպես նաև բազմաթիվ նյութական ձեռքբերումների և նախագծերի վրա", - հավելել Է Գալուզինը։
Փոխնախարարը նշել է, որ Անդրկովկասի երկրները պետք է զգուշություն դրսեւորեն և միասին աշխատեն, հավաքական Արևմուտքի երկրների միջամտության "ռումբերը" ընկնում են ամենուր: "Եթե անցնենք Անդրկովկասին՝ այդ համատեքստում, ապա մենք հենց նոր ականատես եղանք, թե ինչպես Վրաստանի ղեկավարությունը, վրաց հասարակությունը ենթարկվեցին դաժան, պարզապես, վիրավորական հարձակումների և հավաքական Արևմուտքի կողմից դաժան ճնշման՝ միայն այն բանի համար, որ ղեկավարությունը համարձակվել է պաշտպանել Արևմուտքի տեսանկյունից ավանդական արժեքները, - ասել է նա։ - Թույլ է տվել վարել պրագմատիկ քաղաքականություն, որը համապատասխանում է վրաց ժողովրդի ազգային շահերին։ Դա Հայաստանի անմիջական հարեւանությամբ է։ Մենք տեսնում ենք, որ արևմտյան միջամտության այդ ռումբերն ընկնում են ամենուրեք":
"Ես կարծում եմ, որ Կովկասի բոլոր երկրները եւ հարեւանները պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինեն ։ Պետք է համատեղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի Կովկասի խնդիրները լուծվեն հենց կովկասցիների ուժերով", - հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։