Արմինֆո. Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին է հանձնել արյան ժառանգական հիվանդության՝ թալասեմիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ «Կելֆեր» դեղամիջոցի նոր խմբաքանակը։
Այդ հիվանդությունը բնութագրվում է հեմոգլոբինի սինթեզի խախտմամբ։ Հայաստանում մոտ 130 մարդ տառապում է թալասեմիայով։ Հիվանդները պետք է կանոնավոր ընդունեն <Քելֆեր>՝ ողջ կյանքի ընթացքում:
Ռ.Յոլյանի անվան կենտրոն կատարած այցի շրջանակում Հնդկաստանի դեսպանը առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի և կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է բուժհաստատության պայմաններին, ձեռքբերումներին: Այնուհետև հաջորդել են քննարկումներ, որտեղ կողմերն անդրադարձել են առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության նոր ուղղություններին:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն, <Քելֆեր> դեղորայքի արտադրողը հնդկական Cipla դեղագործական ընկերությունն է, որը հիմնադրվել է 1935 թվականին և իրականացնում է ավելի քան 1500 անուն պատրաստի դեղերի մշակում, քիմիական սինթեզ և արտադրություն՝ տարբեր ձևերով։ Դրանք հակաուռուցքային, բրոնխոլիտիկ, քիմիաթերապևտիկ, հակառետրովիրուսային միջոցներ, կորտիկոստերոիդներ, իմունոդեպրեսանտներ, հակաբիոտիկներ, հակադեպրեսանտներ և այլն ։ Ընկերությունը գործում է աշխարհի 150 երկրներում։