Արմինֆո.Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հրավերով նոյեմբերի 28-29-ը Հայաստանի արտգործնախարարը կգտնվի Հելսինկիում։ Այդ մասին հաղորդել է Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ արտգործնախարարները կքննարկեն երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը և տարածաշրջանային հարցեր:
"Ֆինլանդիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները շատ լավ են։ Արտգործնախարար Միրզոյանի այցը հնարավորություն կընձեռի քննարկելու առավել սերտ համագործակցությունը: Ֆինլանդիան վճռականորեն աջակցում է Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ջանքերին և կոչ է անում երկրին շարունակել ընթանալ ժողովրդավարական զարգացման ճանապարհով", - ասել է Էլինա Վալտոնենը։
Ֆինլանդիա այցի ընթացքում արտգործնախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև հանրապետության նախագահ Ալեքսանդր Ստուբի, խորհրդարանի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոյի և եվրոպական գործերի և սեփականության կառավարման նախարար Յոակիմ Ստրանդի հետ։