Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին:
"ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցության սառեցման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել", - լրատվամիջոցներին հայտարարել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ ՀԱՊԿ-ը չի կատարել ՀՀ հանդեպ իր պարտավորությունները, ինչը չէր կարող անհետևանք մնալ։
Սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար: "Մենք լիովին կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում՝ միայն այն դեպքում, եթե մեր կողմից առաջադրված հարցերին տրվեն որոշակի պատասխաններ: Քանի դեռ այդ պատասխանները չեն հնչել, Հայաստանի Հանրապետությունն ամեն րոպե և ամեն վայրկյան ավելի ու ավելի է հեռանալու ՀԱՊԿ-ից։ Կա այսպիսի արտահայտություն. <անդառնալի կետ>, և եթե մենք այն չենք անցել, ապա մեծ հավանականություն կա, որ այս իրավիճակը պահպանվելու դեպքում մենք կանցնենք այդ կետը։ Ոչ ոք մեզ դրա համար մեղադրելու լեգիտիմ պատճառ կամ առիթ չի ունենա >, - եզրափակել է Փաշինյանը։
Միեւնույն ժամանակ, նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նշելով, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի նոյեմբերյան գագաթաժողովին Աստանայում, հայտարարել է, որ Մոսկվան կասկածի տակ չի դնում Երեւանի իրավունքը ինքնուրույն որոշելու կազմակերպության շրջանակում հետագա աշխատանքի ընթացքը: <ՀԱՊԿ աշխատանքին Հայաստանի ֆիզիկական վերադարձի դռները բաց են։ Մենք հույս ունենք, որ, այնուամենայնիվ, Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն համագործակցությունն այդ կազմակերպության շրջանակում", - ընդգծել է Ռուսստանի նախագահի օգնականը։