Արմինֆո. Հայաստանի Քննչական կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով ԶԼՄ-ների այն հաղորդումներին, թե ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի՝ Քննչական կոմիտեի ղեկավար նշանակվելուց հետո գերատեսչությունում քաոս է սկսվել:
"Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։ Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ", - գրել է Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ըստ հայաստանյան ԶԼՄ-ների՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում Պողոսյանի հաստատումից անմիջապես հետո գերատեսչությունում սկսվել է հրաժարականների մասին դիմումների զանգվածային ներկայացման գործընթաց։ Բանն այն է, որ ՔԿ-ի շատ աշխատակիցներ այդ գերատեսչություն են տեղափոխվել Գլխավոր դատախազության կառույցներից՝ "քաջածանոթ" լինելով Պողոսյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին: ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը հրաժարական էր տվել նոյեմբերի 18-ին։