Արմինֆո. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերը Ադրբեջանի զինված ուժերի հետ համատեղ զորավարժություն են սկսել Իրանի հյուսիս-արևմուտքում:
Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԿ-ին, "Արաքս համատեղ զորավարժություն" անվանումով քառօրյա զորավարժությունն սկսվել է կիրակի առավոտյան:
Արդեբիլ նահանգի սահմանամերձ Ասլանդուզ շրջանում անցկացվող զորավարժությանը մասնակցում են ԻՀՊԿ հատուկ նշանակության ուժերի և Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:
Նշվում է, որ զորավարժությունն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների և անօրինական կազմակերպված զինված կազմավորումների դեմ պայքարի, սահմանների անվտանգության, ռազմական ներուժի և պաշտպանական համագործակցության ամրապնդմանը մարտավարական և օպերատիվ մակարդակում ՝ ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին համապատասխան: