Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին ՀՀՀ-ի հարցազրույցի ժամանակ քննարկման նոր թեմա է առաջադրել, որը կապված է Արևմտյան Հայաստանը, այսպես կոչված, "արևմտյան Ադրբեջանին" հակադրելու հետ: Այսպես է մեկնաբանել արևելագետ Սերգեյ Մելքոնյանը Հայաստանի վարչապետի վերջին հայտարարութունն այն մասին, թե, իբր, պետք չէ նեղանալ երբ Իլհամ Ալիևն օգտագործում է "արևմտյան Ադրբեջան" պատումը, չէ որ հայերն՝ իրենք, Հաճախ ասում են Արևմտյան Հայաստան։
Այդ առումով փորձագետը նշել է, որ այդ երկու հասկացությունները տրամագծորեն տարբերվում են միմյանցից։ "Արևմտյան Հայաստանը պատմական տարածաշրջան է։ Այսպես կոչված՝ "արևմտյան Ադրբեջանը" աշխարհաքաղաքական ինժեներիայի չիրացված արդյունք է, որը երբեք գոյություն չի ունեցել", - նկատել է նա։ Մելքոնյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ "արևմտյան Ադրբեջանը" հակադրվում է "Հայաստանի Հանրապետություն" նախագծին և ուղղված է ժամանակակից հայկական պետականության ոչնչացմանը:
"Արևմտյան Հայաստանը ոչ թե ուղղված է Թուրքիայի ոչնչացմանը, այլ ժամանակակից Արևելյան Թուրքիայի այլընտրանքային անվանումն է, հղումով տվյալ տարածաշրջանի անվաւնումներից մեկին, ինչպես, օրինակ, Արևելյան Անատոլիան։ Բացի այդ, Փաշինյանի թեզի ֆունդամենտալ ձախողումը "Արևմտյան Հայաստան" պատմական եզրույթը "իրական Հայաստանի" իր նոր պարադիգմի մեջ ներդնելու փորձն է, մինչդեռ, Ալիևը "արևմտյան Ադրբեջանի" կոնստրուկտն է ներդնում պատմական պարադիգմի մեջ: Այսինքն, մինչ Փաշինյանը մտածում է "ներկայի" կատեգորիաներով, Ալիևը մտածում է "ապագայի" կատեգորիաներով ՝ փորձելով "պատմական հիմնավորումներ" հորինել ։ Դրա համար երկու հասկացությունը դնել նույն հարթության վրա, միայն այն պատճառով, որ այնտեղ կա "արևմտյան" բառը, առնվազն, անլուրջ է", - համոզված է քաղաքագետը։
Մելքոնյանը կարծում է, որ Փաշինյանը, փաստորեն, քննարկումների նոր օրակարգ է առաջադրել։ Նրա խոսքով, մի կողմից, քննարկմանը մասնակցելը նշանակում է թեմայի լեգիտիմացում և աջակցություն օրակարգի առաջ մղմանը։ "Մյուս կողմից, մեկնաբանությունների և քննադատությունների բացակայությունը կարող է վկայել այն մասին, որ Փաշինյանի դիրքորոշումը համապատասխանում է բնակչության մեծ մասի կարծիքին", - ամփոփել է արևելագետը: