Արմինֆո. Հայաստանը բանակցում է Հնդկաստանից 155 մմ/52 տրամաչափի ևս 78 միավոր կատարելագործված քարշակվող հրետանային համակարգ (Advanced Towed Artiller Gun System, ATAGS) գնելու շուրջ: Այդ մասին գրում է Indian Defence Research Wing (IDRW) պարբերականը:
Նշվում է, որ բանակցություններն ընթանում են ավելի վաղ Հայաստան մատակարարված ATAGS-ի հաջող փորձարկումից հետո: Աղբյուրը նշում է, որ կայանքները բացառիկ հնարավորություններ են ցույց տվել երկրի տարբեր լանդշաֆտներում:
Վեց հաուբիցների առաջին խմբաքանակը լայնածավալ փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում ՝ բարձրլեռնային տեղանքում և հարթավայրում։ Փորձարկումները հաստատել են մեծ հեռավորությունների վրա ճշգրտությունը եւ բարձր հուսալիությունը, ինչը Հայաստանի իշխանություններին դրդել է դիտարկել ավելի մեծ ծավալներով գնումների հնարավորությունը:
Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին Հայաստանի պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել 155 մմ տրամաչափի հրետանային կայանքներ գնելու անհրաժեշտության մասին։ Եվ ընտրությունը կանգ էր առել հնդկական Bharat Forge Limited-ի ATAGS-ի վրա: Վերոնշյալ արտադրողն ընտրվել է այս բանակցությունների համար' տեխնիկական գնահատման և առևտրային մրցույթի հաջող ավարտի շնորհիվ, ինչը հաստատել է, որ իր արտադրանքը համապատասխանում է բանակի պահանջներին: Այս համակարգի գլխավոր բնութագրիչներից մեկը նրա հեռահարությունն է ՝ ավելի քան 48 կիլոմետր՝ մասնագիտացված զինամթերք օգտագործելու դեպքում, ինչն զգալիորեն գերազանցում է ավանդական հրետանուն։