


Արմինֆո. Սյունիքի մարզի ողջ պարագծով լարվածությունը շարունակում է աճել։ Իր տելեգամ-ալիքում նման կարծիք է հայտնել արևելագետ Սերգեյ Մելքոնյանը, նշելով, որ Ադրբեջանը ուժեղացնում է խմբավորումը Նախիջևանում։
Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նոյեմբերի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հինգ չվերթ է իրականացրել դեպի Նախիջևան:
Ինչպես պարզաբանել է արևելագետը, ինքնաթիռներ թռել են Գյանջայի և Նախիջևանի միջև։ Նրա խոսքով՝ այդ ամենը հիմք է տալիս պնդելու, որ սպառազինություն է փոխադրվում Նախիջևան։ Մելքոնյանը նշել է, որ ինքնաթիռները Գյանջա-Նախիջևան երթուղով անցնելիս թռչում են Թուրքիայի օդային տարածքով՝ այդպիսով ապահովելով սպառազինության անվտանգ փոխադրումը:
"Սպառազինության փոխադրման համար անհրաժեշտ է անվտանգ օդային տարածք, թեև այդ երթուղին բավականին երկար է և իրենից ներկայացնում է "շրջանցում"։ Հիշեցնեմ, որ քաղաքացիական ինքնաթիռները Նախիջևանից դեպի Բաքու թռչում են ուղիղ Հայաստանի տարածքով", - պարզաբանել է արևելագետը։
Ընդ որում, ինչպես նշել է Մելքոնյանը, Նախիջևան-Գյանջա երթուղով հետադարձ չվերթներն իրականացվում են ավելի կարճ ճանապարհով ՝ Իրանի օդային տարածքով։ "Դա նշանակում է, որ դրանք բեռնաթափված են և սպառազինություն և ռազմական տեխնիկա չեն փոխադրում", - եզրափակել է Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը հայտարարել էր, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ոչ թե, պարզապես, ճանապարհ ունենալ, այլ աստիճանաբար կտրել Սյունիքը, ուստի Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհների մասին խոսակցությունները միայն շեղող քարոզչական թեզեր են:
Նշենք, որ Մեղրիի երթուղին Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով շուրջ 40 կմ երկարությամբ տրանսպորտային երթուղու նախագիծ է, որը տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և նրա էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը նախատեսված էր 2020 թվականի աշնանը Արցախի դեմ ադրբեջանական 44-օրյա ագրեսիան ավարտած պայմանավորվածություններով ։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են ձեռք բերել ոչ թե, պարզապես, տրանսպորտային երթուղի, այլ արտատարածքային միջանցք՝ Հայաստանի տարածքով։



