


Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքին մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։ Այդ մասին հայտարարել են Հայաստանի ԱԳՆ-ում՝ ի պատասխան "Ազատության" հարցին։
Նշենք, որ ինչպես հայտնի է դարձել ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունից, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը չորեքշաբթի օրը մասնակցել է Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը: Ռուսաստանի ԱԳՆ-ի տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, նաև հրաժարվել է հատկացնել այդ կառույցի ֆինանսավորման իր բաժինը, չի մասնակցում համատեղ զորավարժություններին և հանդիպումներին, սակայն պաշտոնապես հայտ չի ներկայացրել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար:



