Արմինֆո. Հայաստանի Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով փաստաբաների բողոքը: Այդ մասին հաղորդել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Տեղեկացնում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իմ և պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։
Ի թիվս այլնի, ներկայացրածս վճռաբեկ բողոքում բարձրացրել եմ ՔԴՕ 483-րդ հոդվածի 7-րդ մասի միատեսակ կիրառության և ձերբակալման իրավաչափության մասին Վճռաբեկ դատարանի 2024թ. կայացրած որոշումների մինչ այդ իրականացված ձերբակալման իրավաչափության վրա չանդրադառնալու վերաբերյալ հարցերը»,- պարզաբանել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն անցնում է ռազմամթերքի, այդ թվում ՝ հրթիռների մատակարարման գործընթացում չարաշահումներին առնչվող քրեական գործով, որով մեղադրվում են նաև Հայաստանին սպառազինություն մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը: Նախկին նախարարը կալանքի տակ էր 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոսը։ Նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։