Արմինֆո. Մեր հավաքական սոցիալական մտածողությունը, ենթագիտակցությունը հակապետական է։ Նման գնահատականով նոյեմբերի 14-ին խորհրդարանի ամբիոնից հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Պարբերաբար ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ այն, ինչի մասին խոսում ենք, հաստատում և հավատում ենք, երբեմն կամ, նույնիսկ, շատ հաճախ իր մեջ կրում է հակապետականության անորսալի կնիք: Խոսքը բոլորիս մասին է ՝ սկսած ինձնից և վերջացրած… սա ասում եմ այն պատճառով, որ ինքնաճանաչումն առանցքային պահ է այսօրվա օրակարգը հասկանալու համար, ինչն, իր հերթին, կարևոր է առաջընթացի և պետության հարատևության ապահովման տեսանկյունից", - հայտարարել է Փաշինյանը։
Ինչպես նշել է վարչապետը, միայն պետությունն է մեր ազգային ինքնության պահպանման երաշխավորը։ Միշտ էլ այդպես է եղել, բայց վարչապետի ասելով, մենք դա լիովին չենք գիտակցել։
"Մենք այսօր գոյություն ունենք միայն երբեմնի տեղ գտած պետական ավանդույթի շնորհիվ, որը, բարեբախտաբար, այսօր ամբողջությամբ չի կորսվել", - ասել է Փաշինյանը:
Նրա կարծիքով՝ սոցիալական մտածողությունը, սոցիալական հոգեբանությունը ձևավորվում են դարերով, իսկ հայկական անկախ պետությունը գործում է ընդամենը 3 տասնամյակից մի փոքր ավելի: Այսինքն, մեր սոցիալական մտածողությունը ձևավորվել է այն շրջանում, երբ Հայաստանը գաղութ էր և անկախություն չուներ, կարծում է նա։
"Եվ ստացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը դարձել են պետության, պետականության մեր ընկալման հիմնական ձևը, որովհետև շուրջ 600 տարի մենք ապրել ենք մեզ պարտադրված պետությունում, և մեր առաջին արձագանքը պետության նկատմամբ դրան դիմադրելու մեր ներքին ցանկությունն է։ Այսինքն ՝ ենթագիտակցությունը, ամեն դեպքում, աշխատում է", - հայտարարել է վարչապետը։