Արմինֆո. "Սուրմալու" կայարանի կառուցման նախագծի մասնագիտական խմբի նիստի արդյունքում որոշում է կայացվել լրամշակել նախագիծը՝ ներառելով տեխնիկատնտեսական ուսումնասիրության բաղադրիչը: Այդ մասին նոյեմբերի 11-ին քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը։
Նրա խոսքով՝ նախագիծը ներկայացվել է միջազգային կազմակերպություններին և փորձագիտական հանրությանը։ "Մինչև ամսվա վերջ, եթե տեղի ունենա մասնագիտական խմբի նիստ, և նախագիծը հաստատվի, ապա մենք արդեն կարող ենք անցնել մրցութային գործընթացին", - նշել է քաղաքապետի խորհրդականը:
Միաժամանակ, Բաբայանը նշել է, որ բանակցություններ են ընթանում միջազգային կազմակերպությունների հետ՝ ֆինանսավորման շուրջ, իսկ առաջիկայում սպասվում են այցելություններ ՝ նախագիծն ուսումնասիրելու համար: "Դա թույլ կտա անցնել բանակցությունների ավելի մանրամասն փուլ", - ասել է նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2023 թվականի հունիսին հայտարարվել էր "Սուրմալու" առևտրի կենտրոնի մոտակայքում մետրոյի "Սուրմալու" կայարանի կառուցման մասին։ Այս տարվա ամռանը կայացած հերթական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը հորդորել էր չհետաձգել մետրոյի "Սուրմալու" կայարանի նախագիծը և աշխատանքներն սկսել համայնքի միջոցներով, այլ ոչ թե՝ պետբյուջեի: