Արմինֆո.Հայաստանի իշխանությունների լռության ֆոնին մեր երկրում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն հանդես է եկել Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զոււրաբիշվիլիի հայտարարությունների ֆոնին:
«Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր ամուր բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։ Վրաստանն ու Հայաստանը հաստատակամորեն և անվերապահորեն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Բացի այդ, մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ոլորտներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով», - հայտարարել է վրացի դիվանագետը «Արմենպրես»-ին՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի քայլը, որը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի Լոռու մարզը ներկայացվել էր որպես «պատմական Վրաստան»։
Ընդ որում, դեսպանը հիշեցրել է, որ 2024 թվականին Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը այդ հարաբերությունները բարձրացրել է որակապես նոր մակարդակի, որն ապագայում էլ ավելի կխորացնի մեր բազմաբնույթ համագործակցությունը և դրականորեն կազդի տարածաշրջանի կայունության և զարգացման վրա։
«Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների օրինակելի համագործակցության և վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության վրա», - ասել է Շարվաշիձեն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ի իր էջում հրապարակել էր վրացական տուրօպերատորներից մեկի հրապարակումը, որտեղ առաջարկվում էր այցելել Լոռու մարզի տաարածքում գտնվվող տաճարներ, և թվարկելով Հայաստանի տարածքում քաղկեդոնական մշակույթի մեծագույն նմուշներից մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ ՝ հայտարարել էր. «Եզակի մշակույթ, որը, ցավոք, մնացել է Լոռիում: Եկեք հիշենք, թե որքան հեռու ենք եղել, եկեք հարգենք հավերժական, խորհրդավոր, մեծ Վրաստանը":
Ուշագրավ է, որ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել Զուրաբիշվիլիի այդ տարածքային նկրտումներին։ Հայաստանի ԱԳՆ-ում, արդեն ավանդույթի համաձայն, ձևացրել են, թե ոչինչ չի կատարվում։