Արմինֆո. Թեհրանը դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության և միջանցքային տրամաբանության։ Այդ մասին նոյեմբերի 7 - ին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ "Հայաստան-Իրան. համագործակցության գործընթաց եւ նոր հեռանկարներ" խորագրով փորձագիտական համաժողովի հարթակներում անդրադառնալով Ադրբեջանին Սյունիքով արտատարածքային միջանցք տրամադրելու վերաբերյալ լրագրողների հարցին։
Դիվանագետը ևս մեկ անգամ հիշեցրել է այդ հարցում Իրանի հստակ և անփոփոխ դիրքորոշման մասին: "Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման օգտին, սակայն՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը", - հավելել է նա:
Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ Սոբհանին ընդգծել է, որ դրանք ամուր հիմքեր ունեն: "Մենք հարևաններ ենք, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի, և ունենք բարիդրացիական լավ կապեր։ Չեմ կարծում, թե որևէ մեկը կկարողանա քայլեր ձեռնարկել մեր երկրների շահերի դեմ", - ամփոփել է ԻԻՀ դեսպանը:
Նշենք, որ Արցախի օկուպացումից հետո Ադրբեջանն ուժի սպառնալիքի միջոցով փորձում է Հայաստանի ինքնիշխան տարածքով ստանալ արտատարածքային միջանցք, որը ԱՀ-ն կկապի իր էքսկլավ Նախիջևանի հետ: