Արմինֆո. «Եթե ես չկիսեի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, չէի զբաղեցնի այդ պաշտոնը», - նոյեմբերի 7-ին հայտարարել է արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Այդ առնչությամբ լրագրողները նրան հիշեցրել են, որ ներկայիս իշխանությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչը հանգեցրել է հազարավոր զոհերի, պատերազմի և տարածքների կորուստի, այդ թվում՝ Հայաստանի տարածքների, և հետաքրքրվել են, թե արդյոք նա պատրաստ է պատասխանատվության բաժինը վերցնել իր վրա: Գալյանը նշել է, որ իր որոշումը կայացվել է ողջ պատասխանատվության լիարժեք գիտակցմամբ:
Ճշգրտող հարցին, թե արդյոք կիսում է կառավարության դիրքորոշումը Արցախի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ, նախարարը պատասխանել է, որ ամբողջությամբ կիսում է Հայաստանի գործող վարչապետի գաղափարախոսությունը խաղաղության օրակարգի շուրջ:
"Մեր պետությունն անցել է բարդ փորձությունների միջով, և մեզանից ոչ ոք չէր կարող կանխատեսել այն խնդիրները, որոնց բախվել ենք այսօր։ Այս պայմաններում ես հավատում եմ "իրական Հայաստանի" գաղափարախոսությանը, որտեղ մենք բոլորս, այդ թվում ՝ ես, անում ենք այն, ինչ անհրաժեշտ է մեր երկրում անվտանգ եւ խաղաղ միջավայր ապահովելու համար", - հավելել Է Գալյանը։
Հարցին, թե արդյոք ծանոթացել է խաղաղության պայմանագրի նախագծին, հաշվի առնելով իշխանությունների այն հայտարարությունները, թե Արդարադատության նախարարությունը գլխավորողը կարևոր դեր կխաղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում, Գալյանը բացասական պատասխան է տվել։ Նա հիշեցրել է, որ ընդամենը երրորդ օրն է նոր պաշտոնում և ֆիզիկապես հնարավոր չէ ամեն ինչ անել: "Բայց ես նաև ստանձնել եմ այդ գործընթացների իրավաբանական ուղեկցման պատասխանատվությունը", - հավելել է Գալյանը:
Միևնույն ժամանակ, արդարադատության նախարարը խուսափել է պատասխանել այն հարցին, որ Բաքուն ոչ պաշտոնական խողովակներով հրապարակել է Հայաստանի հետ դիվանագիտական և իրավական վեճերի մասին կետը, որը ներառում է միջազգային դատարաններում հայցերից հրաժարում:
"Ես լիովին կիսում եմ կառավարող քաղաքական ուժի դիրքորոշումը "իրական Հայաստանի" գաղափարախոսության համատեքստում և պատասխանատվություն եմ ստանձնել ողջ գործընթացի իրավական ուղեկցման համար", - կրկնել է Հայաստանի արդարադատության նոր նախարարը: