Արմինֆո.Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունաբերական որսի ծավալները կիրականացվեն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 6-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Սեւանա լճի մասին" օրենքում կատարված փոփոխություններին:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի ասելով՝ որսի ծավալները որոշվում են տարեկան ուսումնասիրությունների հիման վրա, որոնք իրականացվում են երկու փուլով: Ուսումնասիրությունների առաջին փուլն իրականացվում է նոյեմբերին, որի հիման վրա դեկտեմբերին լճի կենսառեսուրսների որսի թույլտվություն է տրվում մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը: Ուսումնասիրությունների երկրորդ փուլն անցկացվում է հունիսին, որի հիման վրա օգոստոսին ճշտվում են որսի ծավալները։ Խոսքը ոչ միայն ծավալների, այլև կենսառեսուրսների տեսակների մասին է։