Արմինֆո.ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը պատրաստ չէ հրապարակել ապաշրջափակման վերաաբերյալ Երեւանի կողմից Բաքվին արված առաջարկների մանրամասները, քանի որ փաստաթուղթը դեռեւս վերջնական տեսք չի ստացել, բայց հիմնական գաղափարը "Խաղաղության խաչմերուկ" նախագծին համապատասխան ճանապարհների բացումն է:
Օրերս խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ որոշակի դրական մթնոլորտ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում: "Քայլեր են ձեռնարկվել նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ։ Մենք առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին, որոնք հավանության են արժանացել կիսապաշտոնական մակարդակով։ Ես սա ասում եմ, որպեսզի ցույց տամ, որ այստեղ որոշակի դրական մթնոլորտ է տիրում։ Եվ մենք կշարունակենք աշխատել ադրբեջանական կողմի հետ՝ շրջափակման վերացման շուրջ ընդհանուր համաձայնության հասնելու համար", - հայտարարել էր Միրզոյանը։
Ինչպես նոյեմբերի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը, Երևանի առաջարկի մեջ որևէ արտառոց բան չկա. խոսքը հաղորդակցությունների առավելագույն բացման մասին էր ։ "Հիմնական այն է, որ երրորդ կողմի վերահսկողությունը բացառվում է, անվտանգության աառումով կամ այլ ձևով, պահպանվում է Հայաստանի ինքնիշխանությունը և այդ ճանապարհների նկատմամբ տոտալ վերահսկողությունը", - ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Հարցին, թե ինչ նորություն կա Ադրբեջանի հետ բանակցություններում, Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է. "Վերջին շրջանում շատ ինտենսիվ հանդիպումներ են եղել, բայց արդյունքների մասին դեռ չեմ կարող խոսել, բայց գուցե նկատել եք, որ հանդիպումների և շփումների առումով ժամանակահատվածն աննախադեպ ակտիվ է եղել":