Արմինֆո.Նոյեմբերի 5-ին Երեւանում տեղի կունենա "Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն.արժանապատիվ աշխատանք" խորագրով միջազգային համաժողով' Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարտիի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Սաթյարտին Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 2014 թվականին "երեխաների և երիտասարդների ճնշման դեմ պայքարի և բոլոր երեխաների կրթության իրավունքի համար": Սաթյարտին Խաղաղության նոբելյան մրցանակի առաջին հնդիկ դափնեկիրն է։
Միջոցառման շրջանակում սպասվում է տարբեր երկրների պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների, փորձագետների և սոցիալական գործընկերների մասնակցությունը: Նրանց թվում են նաև ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզ-Ազարը, Պարսից ծոցի երկրների զարգացման հիմնադրամի (AGFUND) և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալա բին Աբդուլազիզ Ալ Սաուդը:
Համաժողովի շրջանակում նախատեսված է չորս պանելային քննարկում, որոնց ընթացքում կքննարկվեն արդիական թեմաներ. մանկական աշխատանք և կրթություն, զբաղվածության շուկայի մարտահրավերներին արձագանքման քաղաքականություն, կանանց տնտեսական իրաավունքների եւ հնարավորությունների ընդլայնում և սոցիալական արդարություն, սոցիալական արդարություն և Գիգ-տնտեսության դերը (տնտեսական համակարգ, որտեղ մարդիկ զբաղվում են ֆրիլանսով և/կամ կես դրույքով աշխատանքով - խմբ.):