Արմինֆո.Նոյեմբեր ամիսը Հայաստանի մայրաքաղաքում նշանավորվել է եվպրոպեական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություններով։ Հայաստանի կինոգործիչների միությունը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ հայտարարել է Երևանում Եվրոպական կինոյի միամսյակի մեկնարկի մասին, որը նվիրված է ֆրանսիացի գրող և բանաստեղծ Անդրե Բրետոնի կողմից 1924թ. գրված Սյուրռեալիզմի մանիֆեստի 100-ամյակին:
Միամսյակի կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նոյեմբեր ամսվա ընթացքում Կինոյի տան մեծ կինոդահլիճում ցանկացողները կարող են դիտել եվրոպական ֆիլմեր, որոնք արժանացել են այնպիսի հեղինակավոր մրցանակների, ինչպես՝ Օսկարը, դարձել են Կաննի, Լոկարնոյի և այլ փառատոնների դափնեկիրներ: Միամսյակը բացվել է Լուիս Բունյուելի և Սալվադոր Դալիի "Անդալուզյան շունը" (1929թ.) գլուխգործոցի ցուցադրությամբ ' նոր վերականգնված տարբերակով: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, ներառում է 2024թ. արտադրության 10 ֆիլմ, որոնք կցուցադրվեն (նոյեմբեր ամսվա ընթացքում) յուրաքանչյուր ուրբաթ և շաբաթ օրը՝ ժամը 19:00-ին: Մասնավորապես, ծրագրում նշված է Մոհամմադ Ռասուլոֆի "Սուրբ թթենու սերմը" նոր ֆիլմը. հոգեբանական թրիլլեր Իրանի բողոքի ցույցերի մասին, որն այս տարի Կաննի կինոփառատոնում ժյուրիի հատուկ մրցանակ է ստացել և առաջադրվել "Օսկարի", Լոկարնոյի փառատոնի գլխավոր մրցանակ ստացած լիտվական "Տոքսիկ" ֆիլմը, Բրիտանական կինոյի ժամանակակից դասական դարձած ռեժիսոր Անդրեա Առնոլդի նոր ֆիլմը՝ "Թռչունը", "Ոսկե ծիրան" կինոփառատոնի պատվավոր հյուր իսպանացի ռեժիսոր Ալբերտ Սերիի "Մենության օրեր" վավերագրական ֆիլմը և այլն:
Ծրագրի իրականացմանն աջակցել են նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը, Թբիլիսիում Ավստրիայի դեսպանատունը, "Գյոթե" կենտրոնը, EUNIC Հայաստանը և Դանիական ինստիտուտը: