Արմինֆո. «Նոա» ֆուտբոլային ակումբը կոչ է անում լուծել ՀՖՖ նախագահի շուրջ ծագած խնդիրը:
Հիշեցնենք, որ մի շարք ակումբներ և երկրպագուներ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին 0:2 հաշվով պարտվելուց հետո պահանջել էին ՀՖՖ նախագահի հրաժարականը: Ֆուտբոլային իշխանությունները, սակայն, սահմանափակվել էին միայն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պաշտոնանկությամբ: Այդ առնչությամբ "Նոա"-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Նոա» ֆուտբոլային ակումբը, ի պատասխան երկրպագուների և լրատվամիջոցների, հայտնում է հետևյալը՝ «Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին։ Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների։ Հայաստանում կան պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մեր կողմից բարձրացված, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ՝ փորձելով գտնել լուծումներ։
Հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների քննարկման և լուծման գործում «Նոան» կարևորում է նաև ֆուտբոլասերների և մեր սիրելի երկրպագուների մասնակցությունը՝ գնահատելով վերջիններիս ջանքերը։
«Նոա» ՖԱ-ն շարունակում է իր ճանապարհը հայկական ֆուտբոլի զարգացման երկարաժամկետ և հեռանկարային ծրագրերով՝ հանուն այս նպատակների պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների։ «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ համախմբելով բոլոր ուժերին մեկ ընդհանուր նպատակի շուրջ, այն է՝ զարգացնել հայկական ֆուտբոլը և տոն պարգևել մեր սիրելի երկրպագուներին։ Բոլորիս մաղթում ենք ֆուտբոլային նոր վերելքներ»,- ասվում է հայտարարությունում։