Արմինֆո. Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում։ Ըստ APA-ի՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Բայրամովը Դաութիին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին:
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ, ընդհանուր առմամբ, նախագծի համաձայնեցման ուղղությամբ աշխատանք է տարվում։ Իսկ հետո, ավանդույթի համաձայն, նա Հայաստանից պահանջել է փոխել ՀՀ սահմանադրությունը, հայտարարելով, թե դրա բովանդակությունը գործընթացի հիմնական խոչընդոտն է ։