Արմինֆո. Հայաստանը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ իր տնտեսական կապերով։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա մատնանշել է երկու պետությունների միջև առկա տարաձայնությունները մի շարք քաղաքական հարցերի շուրջ, հատկապես, ՀԱՊԿ-ի մասով, որի անդամ են Հայաստանն ու Ռուսաստանը: "Մենք շարունակում ենք կարծել, որ կազմակերպությունը պատշաճ կերպով չի արձագանքել երկրի սահմանների նկատմամբ ոտնձգություններին", - ընդգծել է նախարարը, միաժամանակ նշելով, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ գծով:
Խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին՝ նախարարը հիշեցրել է Երևանի և Վաշինգտոնի միջև ռազմավարական երկխոսության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին։ Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում նաև համագործակցության մի շարք առանձին ուղղությունների շուրջ, որոնց արդյունքներն ակնհայտ կդառնան եթե ոչ ընթացիկ տարում, ապա 2025 թվականին՝ հաստատ:
Ինչ վերաբերում է Եվրոպական միության հետ հարաբերություններին, Միրզոյանը կարևորել է ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Նա նաև նշել է համագործակցությունը ԵՄ խաղաղության հիմնադրամի շրջանակում, որտեղից Հայաստանը հնարավորություն ունի ստանալ թեկուզ փոքր, բայց քաղաքական տեսանկյունից կարևոր օգնություն: