Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը Մինսկում կայացած հանդիպմանը քննարկել են այս տարի կազմակերպության հարթակում համագործակցության հիմնական ոլորտները, ինչպես նաև հետագա փոխգործակցության հնարավոր ուղղությունները:
Ինչպես հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը, Բելառուսի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ծանոթացրել է Հավաքական անվտանգության արևելաեվրոպական տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, ինչպես նաև տեղեկացրել է 2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի առաջիկա համատեղ նիստի օրակարգի հարցերի վերաբերյալ բելառուսական կողմի դիրքորոշման մասին:
Խոսելով մոտակա հեռանկարում ՀԱՊԿ գործունեության մասին՝ պաշտպանության նախարարը նշել է, որ բելառուսական կողմի հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է 2025 թվականի սեպտեմբերին Բելառուսի տարածքում "Փոխգործակցություն-2025", "Որոնում-2025", "էշելոն-2025" ձևաչափով համատեղ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման, մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածում Հավաքական անվտանգության ռազմավարության դրույթների կատարման վրա:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացմանն ուղղված հետագա համագործակցության պատրաստակամությունը:
Նշենք, որ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցում ՀԱՊԿ կառույցների աշխատանքներին։