Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: Փոխվարչապետի հանձնարարությամբ հստակեցվել են աշխատանքային խմբում ներգրավված գերատեսչությունների գործառույթները՝ կարևորվել 2024 թվականի նոյեմբեր ամսից ԵՄ հետ մեկնարկող քննարկումները, որոնք նպատակ ունեն սահմանել ու մշակել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք մուտքի արտոնագրերի ազատականացման գործողության ծրագրի շրջանակը:
Աշխատանքային խումբը, որին մասնակցում են գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, կկգործի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովին կից՝ հաշվի առնելով որ կազմվելիք գործողությունների ծրագիրը հանդիսանալու է համաձայնագրով նախատեսված բարեփոխումների առանձին փաթեթ և առաջնահերթորեն կդիտարկվի՝ որպես միգրացիայի, ներքին անվտանգության և սահմանի կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկը։ Թե որքան կտևեն այդ բանակցությունները՝ փորձագետները դժվարանում են ասել։
Եվրահանձնաժողովում արդեն հուլիսի 22-ին հայտարարել են, որ երկխոսության մեկնարկը կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու իր երկարաժամկետ նպատակին հասնելու համար: "Երկխոսությունը կհանգեցնի բարեփոխումների կարևոր ոլորտներում, ներառյալ ՝ ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանային վերահսկողությունը, միգրացիան և ապաստանը, հասարակական կարգը, արտաքին կապերը և հիմնարար իրավունքները Հայաստանում: Հանձնաժողովը ուշադիր հետեւելու է այդ ոլորտներում առաջընթացին ՝ Եվրոպական խորհրդարանի եւ խորհրդի հետ սերտ համագործակցությամբ: Երկխոսությունը կանցկացվի վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակներում, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին խորհրդում քննարկումից հետո: