Արմինֆո.ոկտեմբերի 26-30-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի ֆլեյտայի միջազգային փառատոն՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, Մոսկվայի ֆլեյտայի կենտրոնի և Գոնչարովի ստուդիայի հետ համագործակցությամբ:
Առաջիկա միջոցառման կազմակերպիչների հաղորդագրության համաձայն, նախագծի շրջանակներում "Առնո Բաբաջանյան" համերգասրահում 4 օրվա ընթացքում տեղի կունենան համերգներ, վարպետության դասեր, դասախոսություններ և համաշխարհային ֆլեյտայի բրենդների ցուցահանդես-սեմինար: Փառատոնի հյուրերն են Ֆրանկֆուրտի օպերայի նվագախմբի մենակատար, Ժնևի ֆլեյտահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր Ելիզավետա Իվանովան (Ռուսաստան/Գերմանիա), Լայպցիգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Բենեդեկ Չալոգը (Հունգարիա), Ղազախստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, Ղազախստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար, ֆլեյտահարների միջազգային մրցույթի հաղթող Երժան Կուշանովը (Ղազախստան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար և կոնցերտմայստեր, ֆլեյտահարների միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Նարեկ Ավագյանը (Հայաստան) և այլոք:
Փառատոնի համերգները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին, 28-ին և 29-ին: Փառատոնի օրերին Ելիզավետա Իվանովան, Բենեդեկ Չալոգը, Նարեկ Ավագյանը և Երժան Կուշանովը կանցկացնեն վարպետության դասեր: Դասախոսությունները կվարի Լայպցիգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Բենեդեկ Չալոգը: Համերգասրահի նախասրահում կանցկացվի ֆլեյտաների և աքսեսուարների ցուցահանդես, համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի նմուշները կներկայացնի Մոսկվայի ֆլեյտայի կենտրոնը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է "Կամուրջներ ֆլեյտայի համար" միջազգային նախագծի հիմնադիր Վարդան Վիրաբյանը: