Արմինֆո. Անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման արդյունքում` շուրջ 50 տոկոսով ավելացել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով անպտղությունը հաղթահարած կանանց թիվը:
Այդ մասին հայտարարել է Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը՝ «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների գաղտնիքներն ու ապագա հաջողությունները» խորագրով 22-րդ կոնֆերանսի ժամանակ:
Էդուարդ Համբարձումյանի խոսքով` Հայաստանի օրենսդրական դաշտը լավագույն պայմաններն է ապահովում օժանդակ տեխնոլոգիաններով վերարտադրողական բժշկության զարգացման համար: Իսկ բարեփոխման արդյունքներին իրենք գործնականում ամեն օր են առնչվում:
Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի և ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսին զեկույցներով հանդես են եկել Ֆրանսիայում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորում իրականացրած պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանը, պրոֆեսոր Զիոն Բեն Ռաֆայելը (Իսրայել), բրիտանացի գիտնական Ռամի Վակիմը, իրենց խոսքում ընդգծել Հայաստանում այս ոլորտի տեսանելի ձեռքբերումները:
Հիշեցնենք, որ Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների (ԱՐՏ) անվճար կամ արտոնյալ պայմաններով հասանելիության միջոցով անպտղության բուժման ծրագրի մեկնարկի մասին հայտարարվել էր 2019 թվականի օգոստոսին՝ կառավարության նիստում:
Ըստ վերջին փոփոխությունների ՝ առաջնային անպտղության դեպքում ծրագիրը գործելու է մինչև 40 տարեկան կանանց համար, մինչդեռ, գործող կարգավորումներով բուժման և արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) տարիքային ցենզը սահմանվել է 36 տարեկան: Բացի այդ, երկրորդային անպտղության դեպքում պետական ծրագրի շահառու կարող են դառնալ ոչ միայն սահմանամերձ մարզերի, այլև ամբողջ հանրապետության կանայք:
Հավելենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն, Հայաստանում անպտղությունը (վերարտադրողական տարիքի ընտանիքների շրջանում) կազմում է 16,8 տոկոս՝ 15 տոկոս կրիտիկական մակարդակի դեպքում։