Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ հակասահմանադրական բնույթ է կրում:
Այդ մասին հոկտեմբերի 22-ին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ կանոնակարգը ոչ մի կերպ չի բխում երկրի պետական շահերից։ "Նախօրեին ԱԺ միջազգային հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումները ևս մեկ անգամ մեզ համոզեցին, որ ներկայացված օրենքի նախագիծը հակաօրինական է, առավել ևս՝ բարձրացված հարցերին չհնչեց ոչ մի լիարժեք պատասխան։ Բոլոր պատասխանները խուսափողական բնույթ էին կրում, բայց հարցերը շարունակում են "օդում կախված մնալ", և, կարծում եմ, որ ժողովուրդը շատ լավ հասկանում է, թե ինչի մասին է խոսքը", - ասել Է ընդդիմադիրը, նշելով այն փաստը, որ Ադրբեջանում համանման գործընթաց չկա, ինչն ինքնին անհեթեթություն է։
Ռուստամյանը հիշեցրել է, որ կանոնակարգը պետք է միաժամանակ վավերացվի, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ Բաքուն չի գնա այդ քայլին, կամ վավերացնի հայկական կողմի համար անընդունելի վերապահումներով, ինչը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Այդ իսկ պատճառով, պատգամավորի համոզմամբ, խմբակցությունը չի մասնակցի ՀՀ կառավարության ներկայացրած փաստաթղթի քննարկումներին և քվեարկությանը:
Օգոստոսի 30-ին Երևանն ու Բաքուն ստորագրել են պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը: Կանոնակարգն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: Այն, մասնավորապես, նախատեսում է սահմանազատման աշխատանքների կազմակերպում, համապատասխան փաստաթղթերի ընդունում, պետական սահմանի հատման արձանագրություն-նկարագրի կազմում, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, ինչպես նաև փորձագիտական խմբերի աշխատանք: Նշվում է նաև, որ դրույթը և դրա հիման վրա ընդունվելիք փաստաթղթերը կլրացնեն սահմանազատման աշխատանքների լիարժեք ընթացքն ապահովելու իրավական հիմքերը ։ Կանոնակարգը նախատեսում է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումից հետո երկու երկրների միջև ընթացակարգային հարցերի կարգավորում: Սեպտեմբերի 26-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը կանոնակարգը ճանաչել է ՀՀ սահմանադրությանը համապատասխանող ։