Արմինֆո. Հոկտեմբեր ամսվա ընթացքում ադրբեջանական վարչակազմն իրականացրել է Ստեփանակերտի ողջ պատմական կենտրոնի տոտալ քանդում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Նրա ասելով՝ հողին է հավասարեցվել, առնվազն, 6,5 հա կառուցապատված տարածք, ներառյալ պատմական բնակելի շենքերը, խորհրդային շրջանի մեկ բազմաբնակարան շենք և հասարակական շինություններ: Այդ կապակցությամբ նախկին նախարարը ներկայացրել է քարտեզ, որը կազմվել է ավելի վաղ հրապարակված տեսանյութի վերլուծության հիման վրա, որը նկարահանվել է բնակելի շենքից, որտեղ տեղակայված են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների ծառայողական բնակարանները:
"Տեսանյութի հրապարակումը նպատակ ունի բարոյալքել արցախցիներին, զրկել մեզ կամքից և վերադառնալու հույսից ։ Հսկայական շտապողականությունը կարող է նշան լինել, որ միջազգային կուլիսներում մեզ անհայտ մի բան է կատարվում",-ընդգծել է Շահվերդյանը։
Միևնույն ժամանակ, Արցախի մշակույթի նախկին նախարարն ուշադրություն է հրավիրել համապատասխան գերատեսչությունների արձագանքի բացակայության վրա. "Միայն չգիտեմ, թե ինչպես ստիպել տեղից շարժվել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարություններին ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին", - գրել է նա իր էջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Հայ դատի" համակարգում գործող հայկական իրավական կենտրոնի հովանու ներքո միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը հրապարակել էր մանրամասն զեկույց, որում նաև ուշադրություն է դարձվում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական օբյեկտների շարունակական ոչնչացմանը ՝ Արցախում հայկական ներկայության հետքերից ազատվելու նպատակով: Զեկույցը ներառում է արբանյակային պատկերներ և փաստաթղթեր այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են Caucasus Heritage Watch-ը, որոնք ցույց են տալիս մշակութային ոչնչացման չափը, որը դատապարտվում է միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրախորհրդարանը: Զեկույցում ընդգծվում է, որ այդ մշակութային ոչնչացումը և շրջափակման հետևանքները արտացոլում են ադրբեջանական հասարակության շրջանում հակահայկական տրամադրությունների ավելի լայն պատկերը: